ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ինչպես նավը կանվանես, այնպես էլ կլողա

Ինչպես նավը կանվանես, այնպես էլ կլողա
04.02.2019 | 14:29

«Հետաքրքիր քննարկում ստացվեց օրհներգի վերաբերյալ: Ամեն բան տեսա` գովեցին, քննադատեցին, սպառնացին, օգնեցին, նույնիսկ իմ հաշվին ոմանք փորձեցին ինքնահաստատվել: Եզրակացություններս այս ամենից հետևյալն են.
Միանշանակ է, որ գործող օրհներգը չի վայելում Հայ մարդկանց առնվազն մեծ մասի համակրանքը և, եթե ոչ այսօր, ապա ապագայում փոխվելու է:


Միանշանակ է, որ Շառլ Ազնավուրի և Տիգրան Մանսուրյանի օրհներգի տարբերակները, չնայած մեծ համակրանք են վայելում, այնուամենայնիվ, չեն կարող մրցել շարական պարունակող Արամ Խաչատրյանի օրհներգի հետ:
Միանշանակ է, որ Խաչատրյանի օրհներգը որոշ մարդկանց մոտ սովետի ուրվականից վախ և դիմադրություն է առաջացնում:


Փաստ է, որ 2006-ին պետությունը որոշել է, որ Խաչատրյանը լավագույն տարբերակն է:
Ի մի բերելով վերը նշվածը և էլի շատ ու շատ բաներ, ուզում եմ հիմա Ձեզ ասել էլ ավելի միանշանակ բաներ:
Որոշողը Դուք եք, սիրելի՛ ժողովուրդ, իհարկե, երկրում կան շատ ու շատ ավելի կարևոր խնդիրներ, բայց դրանք միշտ կլինեն: Ես ետ չեմ կանգնելու հանրությանը տարբեր առաջարկներ անելու և լսելու պրակտիկայից, ես չեմ խուսափելու համարձակ, ոչ պոպուլյար լուծումներ առաջարկելուց և չեմ վախեցել և չեմ վախենում անհանդուրժողականությունից և հարվածներից:


Ես ունեմ միջանկյալ լուծում այս թեմայի վերաբերյալ, որը շուտով ի կատար կածեմ իմ ուժերով, քանզի հավատում եմ, որ իմ հայրենիքը թշվառ և անտեր չէ այլևս, այլ վեհ ու ուժեղ է, և ինչպես նավը կանվանես, այնպես էլ այն կգնա:
Իսկ մինչ այդ, որպես պետական այր, որպես հայ մարդ, ես ոտքի կկանգնեմ և հարգանքով կմոտենամ գործող օրհներգին և գնահատելով հինը կարարեմ նորը, ձեզ հետ միասին»` Ֆեյսբուքում գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:


Չգիտեմ ինչու` ոմանք համարում են, որ օրհներգ փոխելու հարցը կեղծ օրակարգ է: Հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ հարցը օրակարգում է, որովհետև գործող օրհներգի ոչ բառերը, ոչ երաժշտությունը, ոչ պատմությունը, ոչ խորհրդանիշը բավարար չեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգ լինելու համար: «Մեր հայրենիքը» օրհներգ դարձավ քաղաքական որոշումով, չփոխվեց 2006-ին քաղաքական որոշումով ու եթե ոչ հիմա, երբևէ փոխվելու է դարձյալ քաղաքական որոշումով: Բայց կփոխվի այն պահին, երբ պետությունն ու քաղաքացին այնքան հասունացած կլինեն, որ հասկանան` ի՞նչ է, ինչի՞ համար է ու ի՞նչ է նշանակում պետության օրհներգ ու այդ հասկանալու համար չեն նայի ոչ ՌԴ-ի, ոչ ԱՄՆ-ի, ոչ Ֆրանսիայի, ոչ Մեծ Բրիտանիայի, ոչ Թուրքիայի, ոչ աշխարհի որևէ պետության օրհներգի պատմությանը, որովհետև այնքան անկախ ու ինքնուրույն կլինեն, որ կհասկանան` իրենց օրհներգի հարցը իրենք էլ պիտի լուծեն` առանց համեմատությունների, համադրությունների, հակադրությունների:


Հասկանալով հանդերձ «Մեր հայրենիքի» ամբողջ պատմականությունը, անսահման սիրելով Իտալիան, հարգելով Միքայել Նալբանդյանին, որ թարգմանել է «Իտալացի աղջկա երգը», ընդունելով Ջուզեպե Գարիբալդիի դերը Իտալիայի միավորման մեջ ու համակրելով իտալացի անհայտ աղջկան` ես ոչինչ չեմ զգում, երբ բնագրից փոփոխված բառերով հնչում է «Մեր հայրենիքը»: Գուցե Ալեն Սիմոնյանն էլ չի զգում: Շատերը: Կան, որ զգում են, սիրում են, ուզում են «Մեր հայրենիքը» հիմն ունենալ: Յուրաքանչյուրի համար սա անձնական ընկալման հարց է: Ես ուզում եմ նոր օրհներգ ունենալ, որովհետև ուզում եմ իմ երկրի հիմնը լսելիս ոչ թե մեխանիկորեն ոտքի կանգնել կամ թատերականորեն ձեռքս սրտիս տանել, այլ` ինքնաբերաբար ոտքի ելնել, որովհետև Հայրենիքի հետ դու-ով չեն խոսում, սիրում են` առանց բացատրություններ տալու, սրտի տեղն էլ գտնում են միանգամից, երբ Հայրենիքը սրտում է, ոչ թե թափառում է ուղեղի գալարներում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Չգիտեմ Ալեն Սիմոնյանին ինչպես, բայց ինձ վիրավորում են հարցի շուրջ ծավալվող իրադարձությունները: Ես չեմ կարծում, որ երբևէ գալու է այնպիսի պահ, որ բացարձակ ոչ մի խնդիր չլինի ու նստենք-մտածենք` հիմնը չփոխե՞նք, պարապ ենք մնացել: Ես չեմ կարծում, որ սա կեղծ օրակարգ է` հասարակության ուշադրությունը շեղելու համար կարևոր խնդիրներից, հասարակությունը հիմար չէ ու չի շեղվում խայծերից: Ես չեմ կարծում, որ Ալեն Սիմոնյանի առաջարկը` վերականգնել Արամ Խաչատրյանի երաժշտությունը նպատակ ունի, որ … Վլադիմիր Պուտինը մտածի` հայկական հեղափոխությունը ոչ միայն հակակայսերական չէ, այլ նույնիսկ՝ սովետական անցյալը վերականգնելու մտադրություն ունի։ Ես չեմ կարծում, որ մեկ կուսակցություն` ՀՅԴ-ն իրավունք ունի առաջին հանրապետության հիմնը պարտադրել պետությանը: Ես կարծում եմ, որ հարցը անհարկի քաղաքականացվում է ու նույնիսկ ոչ թե քաղաքականացվում, այլ քաղաքականախարդավանքացվում է: Ես կարծում եմ, որ հարցը չի պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջամտությունը՝ քաղաքական գնահատականի, վերաբերմունքի, դիրքորոշման մակարդակում։ Դա է կեղծ օրակարգը, որովհետև Նիկոլ Փաշինյանը բարձրագույն արբիտր չէ, ու նրա գնահատականը այս պարագայում լինելու է շարքային հայի գնահատական, որ իր ըմբռնումը ունի և պարտադրված է լինելու քաղաքական գնահատական տալ, որը համարժեք չի լինելու հիմնի նկատմամբ վերաբերմունքին, այլ` հարցի շուրջ ստեղծվող իրավիճակին: Ես կարծում եմ, որ ամեն տեղ ու անվերջ իզմ-եր որոնել ու պարտադրելը պարապ զբաղմունք է:


Ու եթե Արամ Խաչատրյանի օրհներգը պարտվել է անշրջելիորն՝ լինելով 88-ի ալիքի տակ մնացած սովետական Հայաստանի խորհրդանիշը, «Մեր Հայրենիքն» էլ վերջին 150 տարվա՝ հանուն անկախության և ազատության պայքարի երգն է, որի հնչյունների տակ կերտվել են Առաջին ու Երրորդ հանրապետությունների հերոսական էջերը, չի նշանակում պատմության ավարտ: Չի նշանակում, որ ժամանակին Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բառերով երաժշտություն գրած Տիգրան Մանսուրյանը այլևս չի կարող նոր երաժշտություն գրել նոր օրհներգի համար, որի բառերը գրել է ինչ-որ մեկը կամ դեռ կգրի: Մի փակեք հեռանկարը, անընդհատ մի խցկվեք պատմության մեջ` թշվառ-անտեր, թե ազատ-անկախ: Հեղափոխություն ու հակահեղափոխություն մի խաղացեք անընդհատ, գլոբալ խաղերը վտանգավոր են, եթե ասելիք չունեք, անհեթեթությունները պահեք մտքում` Լիլիթ Մակունցի օրինակին մի հետևեք: Ոչ ոք էտալոն չէ: Սեփական կարծիք ունեցեք: Համենայն դեպս: Առավելևս եթե ուզում եք կամ չեք ուզում նոր օրհներգ ունենալ: Ես ուզում եմ ու չեմ շտապում այստեղ ու հիմա որոշում կայացնել` Խաչատրյա՞ն, թե՞ «Մեր հայրենիք»: Ոչ Խաչատրյան, ոչ էլ «Մեր հայրենիք»: Միշտ էլ կա նորը ընտրելու տարբերակ:

Դիտվել է՝ 2788

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ